Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ երեկ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ոչ մի տեղ, ոչ մի գովազդում, ոչ մի պաստառում չի նշվել, որ կառավարությունն ու «Դոպինգ սփեյս»-ն են Լոպեսի համաշխարհային շրջագայության շրջանակում կայանալիք այս համերգի հովանավորն ու կազմակերպիչը։
Ավելին, կառավարության որոշման մեջ նշված չէ, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը լինելու է օգոստոսի 3-ին, այնտեղ անորոշ ժամկետներ են նշված՝ «2025-ի ընթացքում»։
Բացի այդ, Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման նախահաշվում կան միլիոնավոր դրամների ծախսեր, որոնց հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը հարցեր են առաջացնում։
37 հազար դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի 2 օրվա սննդի, 15 հազար դոլար՝ համերգի ծրագրի պրոդյուսերի համար
Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Լոպեսին վճարվելու է 1 միլիարդ դրամ՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար: Քանի որ հայտնի չէ՝ որքան է լինելու համերգի տևողությունը, դժվար է գնահատել՝ այս գումարն արդյոք համապատասխանում է նախկին համերգների համար վճարված հոնորարներին, թե ոչ։
Ավելի կասկածահարույց է միայն Ջենիֆեր Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար: Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ։
Ըստ կառավարության փաստաթղթերի՝ Ջենիֆեր Լոպեսը իջևանելու է «Դվին» հյուրանոցում (Seven Visions Hotels 5), որին երկու օրվա համար նախատեսվում է վճարել մոտ 4 միլիոն դրամ։ Ըստ նախահաշվի՝ Ջենիֆեր Լոպեսին, նրան սպասարկող թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու վրա ծախսվելու է ավելի քան 71.5 մլն դրամ՝ դոլարով արտահայտված 185 հազար դոլար։
Համերգի գործադիր պրոդյուսերին նախատեսվում է վճարել 2.5 միլիոն դրամ աշխատավարձ։ Այս հաստիքից բացի, լինելու է նաև համերգի ծրագրի պրոդյուսեր՝ 5.8 միլիոն դրամ աշխատավարձով։ Համերգի տեխնիկական տնօրինությանը վճարվելու է 29.4 միլիոն դրամ։
6 միլիոն դրամ հատկացվելու է գնումների հետ կապված խորհրդատվական ծառայության, 4.4 միլիոն՝ իրավական խորհրդատվության, նույնքան էլ՝ հաշվապահական ծառայությունների համար։ «Դոպինգ սփեյս»-ն արտիստին դիմավարողին պլանավորվում է վճարել 1 միլիոն 320 հազար դրամ, համերգի տրանսպորտային պատասխանատուին՝ 2.5 միլիոն դրամ, սննդի սպասարկման մենեջերին 2.3 միլիոն դրամ։ Տարածքում լինելու է նաև «օպերացիոն գործընթացների ղեկավար», ով կստանա 3.5 միլիոն դրամ աշխատավարձ մեկ համերգի համար, գեներատորների պատասխանատուն՝ 3 միլիոն դրամ։ «Դոպինգ սփեյս»-ը նախատեսում է 8.5 միլիոն դրամ ծախսել մեքենաների վարձակալության, ուղևորափոխադրման համար։
Ընդ որում, չնայած նախորդ համերգի և այս մեկի միջև երկու տարի է անցել, փոխվել են աստղերը, ժանրերը, հոնորարները, բայց զարմանալի զուգադիպությամբ, Լոպեսի համերգի նախահաշիվը վերջում կազմել է ճիշտ այնքան, որքան 2023-ին այդ նույն ընկերությունը ստացել էր կառավարությունից Սնուփ Դոգի համար։
«Դոպինգ սփեյս»-ն այդպես էլ հետ չտվեց բյուջեի փողերը
2023-ի ամռանը կառավարությունը մոտ 6 միլիոն դոլար տրամադրեց «Դոպինգ սփեյս» ընկերությանը Սնուփ Դոգի համերգի համար, սակայն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման ու հայաթափման հետևանքով այն այդպես էլ չկայացավ։
«Ազատություն»-ը մարտից գրագրության մեջ էր Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ՝ Սնուփ Դոգի տապալված համերգի հարցով։ Սակայն նախարարությունից այդպես էլ հստակ չեն պատասխանել գրավոր հարցերին, թե համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունից ինչու հետ չեն ստացել հատկացված 6 միլիոն դոլարը և հետ չստանալով՝ ինչու դատական գործընթաց չեն նախաձեռնել ընկերության դեմ։ Նման հնարավորություն էր տալիս «Դոպինգ սփեյս»-ի և ԿԳՄՍՆ-ի միջև կնքված պայմանագիրը։
«Ազատությունը» ԿԳՄՍՆ-ից մասնավորապես հարցրել էր, թե ի՞նչ կոնկրետ գործողություններ են ձեռնարկել 6 մլն դոլարը բյուջե վերադարձնելու համար: Մի դեպքում նախարարությունն ասել էր, թե դիմել է «Դոպինգ սփեյս»-ին՝ պայմանագիրը խզելու և գումարը բյուջե վերադարձնելու համար։ Մեկ այլ դեպքում հայտնել՝ այս տարվա փետրվարին «Դոպինգ սփեյս»-ն առաջարկել է միջոցառումը կազմակերպել 2025-ի ընթացքում։ Ընկերությունը չէր պատասխանել այդ թեմայով «Ազատության» գրավոր հարցերին։
Խառնաշփոթ Լոպեսի համերգի օրերի շուրջ
Որ ամերիկացի աստղի համերգը լինելու է օգոստոսի 3-ին՝ հայտարարվել էր դեռ գարնանը՝ կառավարության որոշումից ամիսներ առաջ: Լոպեսը Հայաստան է գալիս Up All Night շրջագայության շրջանակում, համերգի տոմսերի արժեքը սկսվում է 25 հազար դրամից, հասնում մինչև 180 հազարի։ Այս համերգը կայանալու է Հանրապետական մարզադաշտում։ Կառավարության համապատասխան որոշումից հետո հարց առաջացավ՝ արդյո՞ք պետական միջոցներով «Դոպինգ սփեյս»-ի կազմակերպած համերգը հենց օգոստոսի 3-ին նախատեսված համերգն է, թե այն անցկացվելու է մեկ այլ օր։ ԿԳՄՍՆ-ից «Ազատությանը» հայտնել են, որ կառավարության որոշումը վերաբերում է օգոստոսի 3-ի համերգին։
ԿԳՄՍՆ ներկայացուցչի տեղեկությունը, որ Ջենիֆեր Լոպեսի օգոստոսի 3-ի համերգը լինելու է «Դոպինգ սփեյս»-ի կազմակերպմամբ ու փոխարինելու է Սնուփ Դոգի համերգին, մի քանի հարցեր է առաջացնում։ Առաջին՝ 2023-ի կառավարության համապատասխան որոշմամբ նշվել է, որ համերգի՝ Հայաստանի ու արտերկրի գովազդային արշավում պետք է նշվի, որ այն կազմակերպվել է կառավարության հովանու ներքո։ Այնինչ, գովազդային ոչ մի արշավում Հայաստանի կառավարության հովանավոր լինելու մասին տեղեկություններ չկան, չկան տվյալներ նաև «Դոպինգ սփեյս»-ի կողմից համերգի կազմակերպիչ լինելու մասին։
Երկրորդ՝ կառավարության հուլիսի 31-ի որոշման փոփոխություններում, ոչ մի փաստաթղթում չի նշվել, որ «Դոպինգ սփեյս»-ի կողմից համերգը կազմակերպվելու է օգոստոսի 3-ին, նշվել է, որ այն իրականացվելու է տարվա ընթացքում։ Իսկ հուլիսի սկզբին, երբ «Ազատություն»-ը հետաքրքրվել էր ԿԳՄՍՆ-ից, թե ո՞վ է փոխարինելու Սնուփ Դոգին, գերատեսչությունից պատասխանել էին, որ «տվյալ աստղի անունը կարող է հրապարակվել համերգից որոշ ժամանակ առաջ վերջինիս պրոդյուսերական թիմի հետ պայմանավորվածությամբ»։
«Դոպինգ սփեյս»-ի կայքում Ջենիֆեր Լոպեսի համերգի մասին տեղեկություններ չկան, այնտեղ դեռ միայն Սնուփ Դոգի երևանյան չկայացած համերգի գովազդն է։
Մկրտիչ Կարապետյան