Մատչելիության հղումներ

Պուտինի ներկայացուցիչը քննադատել է Այվազովսկու արձանի ոչնչացումն Արցախում. Բաքվից ՏԱՍՍ-ին հորդոր են ուղղել


Լեռնային Ղարաբաղում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություն է, այն խորը վրդովմունք է առաջացնում, ռուսական ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

Նա շեշտել է, որ Մոսկվան տեղեկացված չի եղել այս հուշարձանը քանդելու ծրագրերի մասին, և վստահություն հայտնել, որ հակառակ դեպքում հարցը կլուծվեր քաղաքակիրթ եղանակով:

Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանն, որ Արցախում տեղադրվել էր 2021 թվականին ռուս խաղաղապահ զորքերի մասնակցությամբ, անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ սոցիալական ցանցում հրապարակելով Այվազովսկու նկարները:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ ծովանկարչի կիսանդրու տեղադրումը ռուս խաղաղապահների կողմից առանց Բաքվի համաձայնության է եղել, և դա «անօրինական էր»: Պաշտոնական Բաքուն նաև պետական ՏԱՍՍ գործակալությունից պահանջել է ներողություն խնդրել Ստեփանակերտի հայկական տեղանունը կիրառելու համար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանում ՏԱՍՍ-ի գործունեության դեմ՝ համաձայն օրենքի:

Նշենք, որ այս պահին լրատվամիջոցի հրապարակման մեջ Ստեփանակերտ բառը չկա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG