Ջեյ Լոն, պետբյուջի $6 միլիոնը ու այդ ծախսի հետ կապված հարցերը՝ «արժե՞ր-չարժե՞ր»

Աշխարհի ամենահայտնի աստղերից մեկին՝ Ջենիֆեր Լոպեսին հյուրընկալող Երևանում տարբեր կարծիքներ են։ Մի կողմից ցնծացող երկրպագուներ են, որոնք վաղը կայանալիք համերգի համար մինչև 180 հազար դրամ են վճարել, մյուս կողմում՝ քննադատները, ովքեր կասկածի տակ են դնում՝ փոքրիկ երկրի համար չափազանց մեծ՝ պետական բյուջեից 6 միլիոն դոլար ծախսելու իմաստը։

Այսօր արդեն Հանրապետական մարզադաշտի գրեթե բոլոր տոմսերը սպառված են։
Բայց մինչ մայրաքաղաքի փողոցներում տեղացիները խուսափում էին «Ազատության» հարցերին պատասխանելուց, օտարերկրացի զբոսաշրջիկները բացեիբաց տարակուսում էին։



Երկու օր առաջ կառավարությունը որոշեց ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի տապալված համերգի համար հատկացված 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի համերգին։ Այս որոշումը քննադատության մեծ ալիք բարձրացրեց սոցիալական հարթակներում։ Ի պատասխան դրա՝ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի թվաբանություն, ըստ որի՝ 15,000 օտարերկրացի հյուրեր, յուրաքանչյուրը մոտ 500 դոլար կծախի՝ Հայաստանի տնտեսությանը թողնելով 7,500,000 դոլար։ Այսպես է արդարացնել կառավարության խոշոր ծախսը, մի բան էլ մեծացնելով՝ 6 միլիոնը՝ 7 միլիոն է ներկայացրել։

Կառավարության որոշմամբ՝ այդ 6 միլիոն դոլարից 2,5-ը կստանա երգչուհին որպես հոնորար, նույնքան էլ՝ նրա պրոդյուսերը, իսկ մնացած մեկ միլիոնը կծախսվի նրա և անձնակազմի երկօրյա հյուրանոցային, սննդի ու այլ ծախսերի վրա։ Ընդ որում, երգչուհու երկու օրվա սննդի առաքման ծառայությունները կկազմեն 37 հազար դոլար։ Այսօր արդեն կադրեր են հրապարակվել, որ ամերիկացի մեգաաստղը Երևանում է, «Դվին» հյուրանոցում պատրաստվում է վաղվա համերգին։