Ըստ արևմտյան հետախուզության՝ ռուսական դիվերսիաների թիվը նվազել է․ Bloomberg

Արևմտյան հետախուզական գործակալությունները հայտնել են, որ ենթադրաբար ռուսական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված դիվերսիոն հարձակումների թիվը նվազել է, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների: Գործակալության տվյալներով՝ սա կարող է վկայել այն մասին, որ Կրեմլը սկսել է նվազեցնել հիբրիդային հարձակումները՝ մի շարք անհաջողությունների պատճառով:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հաշվարկով՝ 2025-ի հունվարից մինչև մայիս Եվրոպայում գրանցվել է ռուսական դիվերսիոն հարձակման 11 դեպք։ Դրանց թվում են Շվեդիայում օպտիկամանրաթելային մալուխները կտրելու և բջջային կապի աշտարակներ շարքից հանելու փորձերը։ Մինչդեռ 2024-ին գրանցվել էր նման ավելի քան 30 դեպք, այդ թվում՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, ռազմական օբյեկտների, ջրամատակարարման և ստորջրյա թիրախների վրա հարձակումներ։

Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ ռուսական դիվերսիոն գործողությունները սկսել են նվազել 2024-ի աշնանը, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին զգուշացրին զերծ մնալ հիբրիդային նոր գործողություններից: Ըստ գործակալության՝ նախազգուշացումը, ենթադրաբար, հնչել է Բիրմինգհեմի, Լայպցիգի և Վարշավայի տարածքում գտնվող DHL-ի լոգիստիկ կենտրոններում կասկածելի հրդեհներից և այն հաղորդումներից հետո, որ դիվերսանտները կարող են պայթուցիկներ տեղադրել ԱՄՆ-ում բեռնատար չվերթների վրա: The New York Times-ը նույնպես այդ ժամանակ գրել էր, որ ռուսները նախազգուշացում են ստացել Վաշինգտոնից:

Bloomberg-ի աղբյուրները կարծում են, որ դիվերսիոն գործունեության նվազման պատճառը, նախ այն է, որ անհնար է հիբրիդային գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնել, քանի որ դրանք կատարելու համար տեղի հանցագործ խմբերից հավաքագրված մարդիկ ծայրահեղ անվստահելի են։ Բացի դրանից՝ դիվերսանտների աղմկահարույց ձերբակալությունների ու դատավարությունների պատճառով կարող է կտրուկ նվազած լինել մարդկանց թիվը, որոնք կցանկանային մասնակցել ռուսական դիվերսիաներին։

Երկրորդ՝ դիվերսիոն գործունեության կրճատման հիմքում կարող է լինել քաղաքական հաշվարկ. հնարավոր է՝ Ռուսաստանը չի ցանկանում ԱՄՆ-ին նյարդայնացնել Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ամիսներին։ Բացի դրանից՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունը որը ենթադրաբար, կանգնած է դիվերսիոն այս հարձակումների հետևում, գուցե պարզապես ռեսուրսներ չունի։

Կրեմլը չի արձագանքել Bloomberg-ի հարցմանը, թեև ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Եվրոպայում ռուսական դիվերսիաների մասին հաղորդումները «բացարձակապես անհիմն» էր անվանել:

Այս տարվա մայիսին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ռուսական հետախուզական ծառայություններին մեղադրեց մեկ տարի առաջ Վարշավայում առևտրի կենտրոնի հրկիզումը կազմակերպելու համար։ Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ Լեհաստանում ձերբակալվել է 32 մարդ, որոնք կասկածվում են ռուսական հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեջ՝ դիվերսիա կազմակերպելու համար։

Հուլիսին Մեծ Բրիտանիայում երեք անձ դատապարտվեց Ուկրաինային Starlink արբանյակային սարքավորումներ մատակարարող ընկերությանը պատկանող երկու պահեստներ հրկիզելու համար (հրդեհները տեղի են ունեցել 2024-ին): Բացի դրանից՝ ռուսական հետախուզական ծառայություններին մեղադրեցին GPS ազդանշանը խլացնելու և պաշտպանական արդյունաբերության համակարգերի առաջատար մատակարար, գերմանական Rheinmetall ընկերության ղեկավար Արմին Պապերգերի սպանությունը կազմակերպելու փորձի մեջ։