Չնայած իշխանության հավաստիացումներին, թե Հայաստանը չի քննարկել և չի քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկած չունի՝ Սյունիքով Նախիջևան ճանապարհը լինելու է միջանցք:
Երեկ 5-րդ ալիքին տված հարցազրույցում Քոչարյանը, վկայակոչելով հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին 5 տարիների փորձը և այն հանգամանքը, որ բանակցային գործընթացից Ադրբեջանի նախագահի հայտնած մանրամասները միշտ ավելի ճիշտ են դուրս եկել, քան Հայաստանի վարչապետի ասածները, համոզմունք է հայտնել՝ հարցը հանգուցալուծվելու է այդ սցենարով. - «Ըստ էության, արդեն խոստումը տվել են, ես դրանում ուղղակի կասկած չունեմ: Խոսքը գնում է միջանցքի մասին և այն, ինչ Ղարաբաղում ասել է Ալիևը, համոզված եմ՝ ուղղակի այն է, ինչի մասին իրենք խոսել են ԱբուԴաբիում»:
Քոչարյանը նկատի ունի Ադրբեջանի նախագահի հունիսի 20-ի այն հայտարարությունը, երբ Իլհամ Ալիևը պնդել էր, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից Ադրբեջան», իսկ «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն»։
Ալիևն ընդգծել էր՝ Աբու Դաբիի հանդիպմանը այս պահանջը ներկայացրել է հայկական կողմին: Վարչապետի խոսնակը մինչդեռ արձագանքելով Ալիևին՝ նշել էր, թե ցանկացած ճանապարհ պետք է բացվի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման եւ փոխադարձության սկզբունքով։ Նազելի Բաղադասարյանը նաև պնդել էր, թե Աբու Դաբիում որևէ այլ տարբերակ Հայաստանը չի քննարկել, իսկ Ադրբեջանի նախագահի նկարագրածը դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից: Մինչդեռ՝ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ զիջելու է. - «Ալիևը, այո՛, հույս ունի և համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ զիջելու է»:
Հարցին՝ ի՞նչ է զիջելու, երկրորդ նախագահն պատասխանել էր. - «Ալիևին պետք է իր կողմից ամբողջությամբ վերահսկվող միջանցք, նպատակը սա է, նաև Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերահսկողություն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան դարձյալ «Զանգեզուրի միջանցքից» է խոսում, Երևանը պարզաբանում է՝ ինչ է պատրաստ արտապատվիրակել ՍյունիքումԵրկրորդ նախագահն «աբսուրդ» է որակել այն, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը դեռ բանակցային սեղանին է: Քոչարյանը հիշեցրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապա նշել, թե իր տեղեկություններով այդ կետն ինչպես է հայտնվել փաստաթղթում. «Այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է այդ հայտարարության 9-րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ: Լաչինի միջանցքի այդ 5 կիլոմետրանոց, որի վրա Ադրբեջանը որևէ վերահսկողություն չուներ և դրա սիմետրիկ, ավելի ճիշտ՝ ասիմետրիկ կարող ենք ասել, տարբերակը եղավ Ադրբեջանի և Նախիջևանի կապը ապահովող ճանապարհ: Հիմա Ղարաբաղ չկա, Լաչինի միջանցք չկա, բայց այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել»:
Եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է՝ «ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, այաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Իսկ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները»:
Ռոբերտ Քոչարյանը երեկ պնդել է՝ Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է հենց այս կետի կատարումը:
«Սկսել է մեկնաբանել՝ մենք այլ կերպ ենք հասկանում և այլն.. Մենք մերժել ենք այդ ճանապարհը, Ադրբեջանում, շատ բնական է, ասում են՝ լավ մեզ հո՞ հարիֆի տեղ չեք դնում, պատերազմը դուք եք պարտվել, ամբողջ այդ հայտարարության մեջ կա մեկ կետ, որն Ադրբեջանի շահերից է բխում, և այդ կետը դուք մերժում եք: Դրան հետևեց Լաչինի միջանցքի փակումը և Ղարաբաղի կորուստը»:
Երկրորդ նախագահի այս պնդմանն արձագանքել է Ազգային ժողովի փոխնախագահը: Ռուբեն Ռուբինյանը, որը ոչ միշտ, բայց մասնակցում է հայ-ադրբեջանական բանակցություններին, ֆեյսբուքյան իր էջում այդ հատվածը մեջբերելով գրել է. - «Սա չի ասել ադրբեջանցի պաշտոնյա կամ ռուսաստանցի փորձագետ, որը ուզում է Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման մեղքը բարդել Հայաստանի վրա: Սա ասել է Ռոբերտ Քոչարյանը: Սա այլ երկրների շահերից գործելու՝ սեփական երկրի դեմ սուտ մատնություն անելու դասական օրինակ է, ու սա երբեք չի մոռացվելու»:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, թե 9-րդ կետը եռակողմ հայտարարության մեջ ներառվել է Բավքի պահանջով՝ որպես հակակշիռ Լաչինի միջանցքին, Ռուբինյանը չի անդրադարձել: «Ազատությանն» ասաց՝ Քոչարյանի հարցազրույցին կանդրադառնա երկուշաբթի օրը: Մի քանի այլ իշխանականներ այսօր մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շուրջ անցած տարիների զարգացումներին, ապա Երևանն ու Բաքուն Մոսկվայի գլխավորությամբ ապաշրջափակման շուրջ բանակցություններ սկսել էին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո: Ստեղծվել էր այդ հարցով զբաղվող աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ:
Առաջին երկու տարիներին Իլհամ Ալիևը պնդում էր, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի «Լաչինի միջանցքի» նման, իսկ եթե Երևանը պնդի, որ Արդբեջանը Նախիջևանին կապող հատվածում մաքսակետեր տեղադրվեն, ապա զգուշացնում էր՝ Բաքուն նույն պայմաններն առաջ կքաշի՝ «Լաչինի միջանցքի» դեպքում: 2021, 22 թվականներին Բաքվից հնչած այս հայտարարություններին ի վերջո հետևեց Լաչինի միջանցքի փակումը, իսկ մոտ տասը ամիս անց Արցախի ամբողջական հայաթափումը: