Սարիկ Մինասյանը՝ ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի, Տիգրան Հովսեփյանը՝ «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեններ

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյան, արխիվ

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը նշանակվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն:

«Այսօրվանից ստանձնելու եմ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը: Ինչպես ինձ վստահված բոլոր պաշտոններում, այստեղ ևս ծառայելու եմ երկրիս՝ ի շահ մեր պետականությանը, ի շահ Հայաստանի Հանրապետությանը: Մեր երկրի էներգետիկ ոլորտը, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ամրապնդվի, ուղղի մեջքն ու իրական զարգացման ճանապարհին կանգնի», - Ֆեյսբուքում գրել է Մինասյանը:

Սարիկ Մինասյանը, որ Գյումրիի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն էր, հիմա ավագանիում ՔՊ խմբակցության ղեկավարն է: Օրերս մամուլը գրել էր, թե նա հնարավոր է փոխարինի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: Մինասյանը, սակայն, հերքել էր այդ լուրը, պնդելով, թե ավագանու մանդատը վայր դնել չի պատրաստվում և կհամաձայնի այնպիսի աշխատանքի, որի պարագայում ավագանու անդամ լինելը խոչընդոտ չէ:

Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ընկերության ղեկավար կազմում հենց առաջին օրվանից է սկսել ազատումներ ու նոր նշանակումներ անել: Ռոմանոս Պետրոսյանն ու Սարիկ Մինասյանը կուսակիցներ են:

Մինասյանը «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում փոխարինում է Գագիկ Ֆարզադյանին: Նրա հետ «Ազատությանն» առայժմ կապ հաստատել չի հաջողվել, պարզ չէ՝ 15 տարի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ֆարզադյանին ազատե՞լ են, թե՞ սեփական կամքով է հեռացել աշխատանքից:

Լոռու մարզպետի աշխատակազմն էլ հաղորդում է, որ ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Հովսեփյանը, ով 2020-22 թվականներին եղել է Լոռու ՔՊ-ական մարզպետի օգնականը:

Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը՝ Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարների ուղեկցությամբ, «Դեբեդ» մասնաճյուղում ներկայացրել է նորանշանակ տնօրենին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ժամանակավոր կառավարիչը ՀԷՑ-ի գնումների գործընթացներն է չեղարկել՝ շուրջ 3 մլրդ դրամ արժեքովՈ՞վ կարող է ձեռք բերել ՀԷՑ-ըԿարո՞ղ է ՀՀ-ն չկատարել միջազգային արբիտրաժի պահանջը. ինչ է սահմանում ներքին օրենսդրությունը Չնայած ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային որոշմանը՝ Ռոմանոս Պետրոսյանն ընկերության ղեկավար կազմում նոր նշանակումներ է արելԿարապետյանի թիմը հայտնում է ՀԷՑ-ի հարցով արբիտրաժում հաղթելու մասին. կառավարությունն արձագանքում է